Նորություններ

Գիտաժողով. Մասնագիտական կրթությունը` սահմանամերձ բնակավայրերի հզորացման նախապայման

 

2017թ. մայիսի 19-21-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողով ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված էր հանրային ուշադրությունը սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերին հրավիրելու և տեղական միջավայրը ակտիվացնելու հանգամանքով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Տավուշի մարզի գործարար հատվածի և մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ երկրի արդյունաբերական և գործարար հատվածի զարգացումների, սահմանամերձ տարածաշրջաններում ներդրումների, բիզնես նախաձեռնությունների,  ակնկալվող կադրային կարիքների ու մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարթակների վերաբերյալ։

Ելութներից հետո հնչել են հարց ու պատասխաններ, որոնց ընթացքում գիտաժողովի մասնակիցները հույս են հայտնել, որ ռազմավարական ծրագրերի, գիտության, կրթության և մասնագիտացված աշխատանքի միջոցով երկրի ռազմավարական զարգացման գործում հետաքրքրված անձանց հետազոտությունների, հաջողված փորձի ու նվաճումների այս քննարկումը  հնարավորություն կտա ձևավորել գործուն և արդյունավետ համագործակցության մեխանիզմներ,  խթանել  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով բնակչության և արդյունաբերության մրցունակության բարձրացումը հեռավոր, սահմանամերձ և սահմանապահ համայնքներում։

ՀՀ Տավուշի մարզ այցելության ընթացքում գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային և զարգացման ծրագրերին: Այցելության ընթացքում մասնակիցները հանդիպել են նաև կանադահայ ներդրող Վահրամ Վահրամյանի հետ, ով ԿԳՆ ներկայացուցիչներին առաջարկել է քոլեջում իրականացնել փայտամշակման կարճաժամկետ դասընթացներ, որոնց արդյունքում համապատասխան հմտություններ ստացած երիտասարդ մասնագետները կապահովվեն աշխատանքով իր կողմից իրականացվող բիզնես ծրագրում:

Գիտաժողովի մասնակիցները շրջայցեր են կատարել նաև տեղական արտադրության կազմակերպություններ՝ Չորաթան և Այգաձոր գյուղերում տեղակայված  «Տավուշ տեքստիլ»  և «Էկոգարդեն» արտադրական  ընկերություններ, ծանոթացել վերջիններիս արտադրանքին, ինչպես նաև քննարկել աշխատաշուկա-կրթություն կապի հնարավորությունը:

Գիտաժողովի ամփոփիչ երրորդ օրը մասնակիցները այցելել են N զորամաս և  հանդիպել զինծառայողների  հետ: