WorldSkills, Նորություններ

Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը «Աշխարհի Հմտություններ 2013» մրցույթին

«Աշխարհի Հմտություններ» (WorldSkillsInternational) միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1946թ. Իսպանիայում, նպատակ ունենալով հավաստիացնել երիտասարդներին, նրանց ծնողներին և գործատուներին, որ նրանց ապագան անմիջականորեն կախված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական արդյունավետ համակարգից: Այդ նպատակով 1950թ. առաջին անգամ Մադրիդում կազմակերպվեց «Աշխարհի Հմտություններ» միջազգային 1-ին մրցույթը՝ Իսպանիայի և Պորտուգալիայի մրցակիցների մասնակցությամբ:

Մրցույթները կազմակերպվում են 2 տարին մեկ անգամ: Ներկայումս «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպությանը անդամակցում է 65 երկիր: Հայաստանը անդամակցել է կազմակերպությանը 2012 թվականից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցության շնորհիվ: Հայաստանը ներկայացնող կառույցը Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն է (ՄԿՈՒԶԱԿ), որին հանձնվել է անդամակցության մասին հավաստագիր՝ «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության կողմից:

2013թ. հունիսի 26-ից հուլիսի 8-ը Գերմանիայի դաշնային հանրապետության Լայպցիգ քաղաքում կայացավ «Աշխարհի Հմտություններ» 42- րդ մրցույթը:

Մրցույթին մասնակցում էր  53 երկիր, 999 մրցակից՝ 46 հմտություններով, 964 փորձագետ: Հայաստանի ազգային թիմը մասնակցում էր 3 հմտություններով՝ ոսկերչություն, խոհարարություն և նորաձևության տեխնոլոգիա:

Հայաստանի ազգային թիմի կազմը.

1. Պաշտոնական պատվիրակ՝  Տաթևիկ Գասպարյան, ՄԿՈՒԶԱԿ տնօրեն

2.Տեխնիկական պատվիրակ՝ Վահագն Հովհաննիսյան, Առևտրաարդյունաբերական պալատ, ծրագրերի ղեկավար

3.Խոհարարության փորձագետ՝ Գարիկ Գևորգյան, «Հայկական խոհանոցի ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն

4.Ոսկերչության փորձագետ՝ Լիլիթ Պետրոսյան, Երևանի ոսկերչական գործարան, տեխնիկական բաժնի պետ

5.Նորաձևության փորձագետ՝ Սեդա Մանուկյան, ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն, դիզայներ

6.Խոհարարության մասնակից՝ Արայիկ Ամզայան, Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ

7.Ոսկերչության մասնակից՝ Արամ Ավետիսյան, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ

8.Նորաձևության մասնակից՝ Արփինե Ղուկասյան, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ:

9.Թիմ լիդեր՝ Կարինե Անտոնյան Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ

Ազգային թիմին քաջալերելու և «Աշխարհի Հմտություններ» մրցույթի ընթացքը դիտարկելու նպատակով Լայպցիգ էին ժամանել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը (Հայաստանի ազգային թիմի համակարգող) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մարդկային կարողությունների զարգացում և առաջնորդների վրապատրաստում ՄԿՈՒ-ում»  ծրագրի գլխավոր մենեջեր Միքաելա Օպֆֆերման-Գեռտները:

Քանի որ Հայաստանի ազգային թիմը մասնակցում էր առաջին անգամ, սահմանված կանոնակարգով չէր կարող հավակնել մրցանակային մեդալների, սակայն հավաքած միավորները երեք հմտություններով փաստում են թիմի հաջող մասնակցության մասին.

  1. Ոսկերչություն. 467 միավոր, 61 միավոր պակաս մրցույթում գրանցված առավելագույն միավորից
  2. Խոհարարություն. 456 միավոր, 87 միավոր պակաս մրցույթում գրանցված առավելագույն միավորից
  3. Նորաձևության տեխնոլոգիա. 450 միավոր, 90 միավոր պակաս մրցույթում գրանցված առավելագույն միավորից:

Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակից ճանաչվեց Արամ Ավետիսյանը:

«Աշխարհի Հմտություններ» մրցույթին Հայաստանի մասնակցությունը արձանագրեց այն փաստը, որ ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների ընթացքը կարող է գնահատվել դրական: