Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

2013թ. հուլիսի 26-ին  Գեղարքունիքի մարզի «Ծաղկունքի բաց դպրոց»- ում կազմակերպվեց կլոր սեղան, որտեղ ներկայացվեց «Ծաղկունքի բաց դպրոցում»-ում «Ագրարային թեքումով դպրոց» փորձարարական ուսումնադաստիարակչական ծրագրի մեկնարկը և «Ագրարային դպրոցի» հայեցակարգը:

Կլոր սեղանին հրավիրված էին «Տամբով-Ագրոբիզնեսի դպրոցը» որպես ագրոկրթության մարզային կենտրոն, «Կրթության և գիտության նախարարություն», «ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան», «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն (ICARE)», «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ», «Հայաստանի մանուկների հիմնադրամ (COAF)», «Կրթության ազգային ինստիտուտ», «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն»,«Microsoft», «UNDP», «Գեղարքունիքի մարզպետարան», «Գետաշենի միջնակարգ դպրոց», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Նախատեսվում է ստեղծել գյուղական դպրոցի այնպիսի մոդել, որի հիմքում պետք է լինի սովորողի՝ հայրենի համայնքներում ապրելու պատրաստվածությունն ու պատասխանատվությունը, շրջակա միջավայրի հետ ներդաշնակ կապի ստեղծումը, բնությունը պահպանելու ունակությունների ձևավորումը, գյուղական վայրերում ապրելու և աշխատելու նախապատրաստումը: Ծրագիրը նպատակաուղղելու է սովորողին ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների և հաջողակ ու արդյունավետ մեթոդների տիրապետմանը գործնականում: Այդպիսի գյուղական դպրոցի շրջանավարտը կլինի գյուղական համայնքի արդիականացման ակտիվ մասնակիցը:

«Ագրարային թեքումով դպրոցի» կարևորագույն բաղադրիչը լինելու է դպրոցին կից գործող ագրո-փորձարարական կենտրոնը, որտեղ բոլոր աշակերտները կսովորեն՝ աշխատելով և հնարավորություն կունենան կիրառելու իրենց սովորածը աշխատանքում: Ագրո-փորձարարական կենտրոնը իր մեջ կներառի փոքրիկ անասնապահական ֆերմա, ջերմոց, մեղվանոց, մրգատու ծառերի այգի, ցանովի հողատարածք, մեքենայական պարկ, դեղաբույսերի հավաքման և մշակման բաժին, ծաղկանոց:

«Ագրարային թեքումով դպրոց» փորձարարական ուսումնադաստիարակչական ծրագիրը և ուսումնական պլանը մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»-ի հետ համատեղ: