2015թ. նոյեմբերի 27-28-ը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում:
Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները:
Ազգային փուլի մրցույթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ:
Միջոցառման ընթացքում մրցույթի հաղթողները ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանի կողմից պարգևատրվեցին դյուրակիր համակարգիչ-պլանշետներով, մյուս մասնակիցները՝ խրախուսական մրցանակներով: «Երևանի Ոսկերչական Գործարան-1 Գնոմոն» ԲԲԸ գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը մրցանակակիրներին գործարանի անունից նվիրեց ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:
Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
Հնարավոր է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, մասնակցեն 2017 թվականին կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 45-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 75 այլ երկրների ուսանողների հետ: