WorldSkills, Նորություններ

Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարարի մրցույթի նախաշեմին

Հայաստանի խոհարարների ասոցիացիան հունիսի 2-ին, 3-ին և 4-ին «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում, հատուկ առանձնացված բեմահարթակում առաջին անգամ անցկացնում է «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարարի մրցույթ 2023»-ը՝ EventToura ընկերության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, WorldSkills Armenia-ի, Երևանի Քաղաքապետարանի և GIZ-ի աջակցությամբ։
Մրցույթի նպատակն է՝
1. ընտրել Հայաստանի լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարին,
2. իրականացնել մասնագիտական որակավորման բարձրացում և փորձի փոխանակում,
3. ստեղծել կապ ուսումնական հաստատությունների և գործատուների միջև,
4. կիսվել հաջողված փորձով՝ հրավիրված միջազգային խոհարար-մրցավարների հետ,
5. նախապատրաստել լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարներին` առաջիկա միջազգային մրցույթներում (YCO, WorldSkills ) Հայաստանը ներկայացնելու համար:
Այս մրցույթի շրջանակներում Հայաստանի Խոհարարների ասոցիացիան հրավիրել է խոհարարական ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մրցավար-շեֆ խոհարարներ Gunter Koeffer-ին, Jihan H Sahawneh-ին, Henri Donneaux-ին և Shaun Smith-ին՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթի անցկացումը:
Հունիսի 1-ին կայացավ «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարարի մրցույթ 2023»-ին նախորդող ծանոթության միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արբի Ղարախանին, միջազգային մրցավարները, մրցույթի մասնակից ուսանողները, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր:
Մրցույթը կունենա 4 հաղթող անվանակարգ.
• Առաջին տեղ — կշնորհվի ոսկե մեդալ, Հայաստանի Լավագույն երիտասարդ- ուսանող խոհարար տիտղոս, 500.000 ՀՀ դրամ պարգևավճար, մասնակցության գավաթ և այլ նվերներ:
• Երկրորդ տեղ — կշնորհվի արծաթե մեդալ, մասնակցության գավաթ և այլ նվերներ:
• Երրորդ տեղ — կշնորհվի բրոնզե մեդալ, մասնակցության գավաթ և այլ նվերներ:
• Լավագույն ափսե — կշնորհվի հովանավորի մրցանակ, Plate Trophy.
Մրցույթի ընթացքում կորոշվեն նաև այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն Worldskills Armenia մրցույթի եզրափակիչ ազգային փուլին, որի հաղթողը կմասնակցի 2024թ. Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք WorldSkills International 47-րդ մրցույթին և կներկայացնի Հայաստանի ազգային թիմը հմտությունների մրցույթում: Կընտրվի նաև Young Chef Olympiad 2024թ. մասնակիցը, որը կկայանա 2024թ. հունվար ամսին, Հնդկաստանում:
Մրցույթը կիրականացվի բացօթյա տարածքում, Մոսկովյան-Սպենդիարյան խաչմերուկի հատվող տարածքում: