Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի հրավերով ս/թ մայիսի 29-ից մինչև հունիսի 8-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի մի շարք դասախոսներ և ուսանողներ քոլեջի տնօրեն՝ Ա.Մ.Վարդանյանի գլխավորությամբ, կրթական-ճանաչողական այց կատարեցին Հունաստանի Հանրապետություն:
Հայաստանից մեկնող խումբը այցելեց նաև Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի «New Wave» քոլեջ, որը «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջազգային գործընկերներից մեկն է:
«New Wave» քոլեջի տնօրինությունն անակնկալ էր պատրաստել հայ-հունական քոլեջի համար: «New Wave» քոլեջի ծավալած միջազգային համագործակցության շրջանակներում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը ճանաչվել է «New Wave» քոլեջի 2016 թվականի լավագույն գործընկերը:
Հայտնելով իրենց երախտիքը՝ հայ-հունական քոլեջի ուսանողները վրացի գործընկերների համար իրականացրին վարպետության դաս՝ պատրաստելով հայկական ավանդական ավելուկով աղցան և թանապուր:
Սալոնիկում խումբը մասնակցեց «Զբոսաշրջությունը Հունաստանում» թեմայով սեմինարին, որը կազմակերպվել էր “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի կողմից: Վերջինիս նախաձեռնությամբ քոլեջի պատվիրակությունը մասնակցեց «Վերջինիա» հյուրանոցում անցկացվող «Հյուրանոցային գործը Հունաստանում» թեմայով սեմինար-դասընթացին /պարապմունքին/:
Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար:
Քոլեջի խմբի բոլոր ներկայացուցիչներին շնորհվեցին մասնակցության վկայականներ:
Հունաստան այցի ընթացքում խումբը կատարեց բազմաթիվ ուսումնական-ճանաչողական այցեր տեսարժան և պատմամշակութային վայրեր: