2021թ. մարտի 26-ին տեղի ունեցավ ՄԿՈւ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթի քննարկումը շահառուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ինչպես ոլորտում քաղաքականության մշակման համար պատասխանատու իրավասու պետական մարմինները, այնպես էլ՝ ՄԿՈՒ հաստատություններն ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպությունները։
Գերմանիայի կառավարության անունից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում իրականացվել է աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման ներդրման և կազմակերպման առկա վիճակի ուսումնասիրություն՝ անդրադարձ կատարելով օրենսդրական, կառավարչական, մեթոդական խոչընդոտներին։
Միջոցառմանը մասնակցեցին և իրենց ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը։
Ուսումնասիրության արդյունքները ներառվել են առաջարկների համալիր փաթեթում և ուղարկվել շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններին ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպություններին՝ քննարկման, դիտողությունների և առաջարկների համար։
Քննարկման ընթացքում վեր հանված խնդիրները, ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները կօգնեն ՄԿՈՒ ոլորտի հետագա բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը։