Նորություններ

15 քոլեջում ներդրվում է «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական մոդուլը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի, հասարակական կառույցների և գյուղատնտեսական քոլեջների մի շարք ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիական զարգացման գործակալության և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից մշակված  «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքներ» ուսումնական  մոդուլը, որի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով հրապարակվել է ուսումնական գրականություն:

Օրգանական գյուղատնտեսություն ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների համար, ովքեր համանուն մոդուլի ներդրումից հետո դասավանդելու են Օրգանական գյուղատնտեսություն առարկան: Ուղեցույցներից  առաջինը նախատեսված է ուսանողների, երկրորդը` օրգանական գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվողների համար:

Նոր մոդուլի ներդրման շրջանակում իրականացվել են ավելի քան 90 ՄԿՈՒ մասնագետների վերապատրաստումներ Հայաստանում և Ավստրիայում: Նոր ուսումնական մոդուլը ներդրվում է այս ուսումնական տարվանից շուրջ 15 գյուղատնտեսական և հարակից մասնագիտություններ ունեցող ուսումնական հաստատություններում: