«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի կողմից գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում — համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ) աջակցությամբ 2021թ. ապրիլի 28-ին Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ աշխատաժողով «Ուսումնական հաստատությունների և «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ուսանողների ապահովագրություն» և «ՄԿՈւ հաստատությունների և գործատուների համագործակցության զարգացում (SchoolEconomy)» թեմաներով։
Աշխատաժողովին մասնակցում էին Լոռու մարզում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսուցում իրականացնող (ՄԿՈւ) հաստատությունների տնօրեններ և փոխտնօրեններ, ինչպես նաև գործատուների և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել համագործակցությունը և երկխոսությունը կրթական հաստատությունների և գործարարների միջև, նպաստել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈւ) արդյունավետ կազմակերպմանը և քննարկել ուսումնական հաստատություններում ուսանողների ապահովագրության վերաբերյալ հարցը։
Աշխատաժողովը շարունակությունն էր 2021թ․ փետրվարի 12-13-ը Աղվերանում հրավիրված աշխատաժողովի, որին մասնակցում էին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների, «ՅՈՒՔՈՄ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» հեռահաղորդակցության և այլ ոլորտների ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել էր ուսումնական հաստատություններում պիլոտային ծրագրով ստեղծված «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ուսանողների համար հնարավոր ապահովագրության իրականացման հարցը, ինչպես նաև ՄԿՈՒ-գործարար համագործակցության իրականացման հնարավորությունները։
Աշխատաժողովի երկրորդ մասում տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնման արարողություն։ Շնորհակալագրեր հանձնվեցին 2020թ. դեկտեմբերին ՄԿՈւԶԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված դասընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Լոռու մարզի ՄԿՈւ հաստատություններին, ինչպես նաև կառավարման խորհուրդների և ուսանողական խորհուրդների անդամ ուսանողներին։
Միջոցառումը եզրափակվեց Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներների ստեղծած «Հայկական ղողանջներ» հագուստների հավաքածուի ցուցադրությամբ։