Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ) — համագործակցություն» Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագիրը Հայաստանում իր գործունեությունը իրականացնում է դեռևս 2017թ․-ից և գլխավոր նպատակն է խթանել Հայաստանում երիտասարդների զբաղվածությունը՝ մասնագիտական կողմնորոշման, միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև մասնագիտական գործնական ուսուցման ու ձեռք բերված հմտությունների մակարդակի բարձրացման ճանապարհով։ 2019թ․հունվարից մեկնարկվեց ՄԿՈւ ծրագրի գործունեության երկրորդ փուլը՝ 2019-21 թթ․ համար, որի գլխավոր բաղադրիչներից մեկն էլ ՄԿՈւ հաստատության և գործատու կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցության և հաղորդակցութան ստեղծումն ու զարգացումն է։
Ս․թ․ մարտի 20-ին «Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնում» տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Մուլտիպլիկատորների վերապատրաստման դասընթացի ներկայացում՛՛ թեմայով: Աշխատաժողովին մասնակցում էին ՄԿՈւ ծրագրի գերմանացի և վրացի փորձագետներ, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա․Աղբալյանը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործատու կազմակերպությունների տնօրեններ և հիմնադիրներ։
Գերմանական ՄԿՈւ ծրագրի ղեկավար, «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամի նախագահ Մ․Ժամկոչյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց «Մուլտիպլիկատորների վերապատրաստման դասընթաց» ծրագիրը և նպատակը․ ստեղծել կապ և համագործակցություն ՄԿՈւ հաստատությունների և կազմակերպությունների միջև, վեր հանել գործատուների կարիքներն ու պահանջները մասնագիտական կադրերի նկատմամբ, ստեղծել ուսանողների գործնական ուսուցման կազմակերպման համար մասնագիտական ուսումնական ծրագրեր և պրակտիկայի տեղեր՝ մասնագետների և վարպետ ուսուցիչների ուղեկցությամբ, որի արդյունքում ուսանողները գործնական գիտելիքներն ու հմտությունները ձեռք կբերեն աշխատանքի ընթացքում, իսկ ուսուցման ավարտին հնարավորություն կունենա դառնալու կազմակերպությունների համար անհրաժեշտ մասնագիտական կադրեր։
Աշխատաժողովի ընթացում Հայաստանի ՄԿՈւ համակարգի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Ա․Աղբալյանը։
Գերմանացի փորձագետներ Կ․ Բարթելսը ներկայացրեց Գերմանիայում նավաշինական խոշոր կազմակերպության կողմից իրականացվող դուալ ուսուցման կազմակերպման համակարգն ու գործընթացը։
Կ․ Զայսեն ներկայացրեց «Մուլտիպլիկատորների վերապատրաստման դասընթաց»-ի նպատակը՝ գերմանական փորձի հիման վրա մասնակիցներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ դուալ համակարգի ներդրման և զարգացման վերաբերյալ, ինչպես նաև պատրաստել դուալ ուսուցման կազմակերպման թրեյներներ ՄԿՈւ հաստատությունների վարպետ ուսուցիչների և գործատուների ներկայացուցիչների համար՝ ՄԿՈւ ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ժամանակ։ Նա առաջարկեց մասնակիցներին ներկայացնել հիմնական խնդիրներն ու կարիքները, որոնց լուծման արդյունքում հնարավոր կլինի ստեղծել համագործակցային կապը ուսումնական հաստատության և ընկերությունների միջև։
Մասնակիցների կողմից կազմված աշխատանքային խմբերում կատարված աշխատանքի արդյունքում, գերմանացի գործընկերներին ներկայացվեցին հիմնական հարցեր՝ գործարար հատվածի մոտիվացիայի բարձրացման, համագործակցության կապի ստեղծման ու ապահովման համար օժանդակող կառույցի գործունեության, համատեղ ուսումնական ծրագրերի մշակման, ուսանողների պրակտիկաների ֆինասավորման մեխանիզմերի, կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների մասնագետների վերապատրաստման, կազմակերպություններում ուսումնական կենտրոնների ստեղծման և մի շարք այլ հարցեր և առաջարկություններ։
Ս․թ․ ապրիլին մուլտիպլիկատորների վերապատրաստման դասընթացի ծրագրի երկրորդ փուլում կկազմակերպվեն վերապատրաստման հնգօրյա ուսուցողական դասընթացներ, որոնց ավարտին մասնակիցները կանցնեն թեստավորում՝ ձեռք բերված գիտելիքների վերաբերյալ։ Թեստավորման արդյունքներով պայմանավորված՝ կընտրվեն 10 մասնակիցներ՝ 5 ՄԿՈւ և 5 գործատու ներկայացուցիչներ՝ ս․թ․ օգոստոսին Գերմանիայում կազմակերպվելիք վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար։