Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2015 թ. Սան Պաուլոյում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է «Համաշխարհային հմտություններ» միջազգային կազմակերպությանը 2012 թվականից՝ ի դեմս ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի:

ՄԿՈւ հաստատությունների ուսանողները հնարավորություն կունենան ներկայանալ և մրցակցել իրենց հմտություններով 65 այլ երկրների ուսանողների հետ՝ ազգային փուլում հաղթող ճանաչվելու դեպքում:

2015 թվականին Սան Պաուլոյում կկայանա «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթը: Հայաստանը կմրցի հետևյալ 3 մասնագիտությունների գծով.

  1. Խոհարարություն
  2. Նորաձևության տեխնոլոգիա
  3. Ոսկերչություն

Սեփական հմտությունները հաստատելու համար` թեկնածուները նախ պետք է հաղթահարեն ազգային մրցույթը, որը կիրականացվի երկու փուլով՝ նախընտրական և հիմնական:

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել վերը նշված մասնագիտություններով ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողները, որոնք`

  1. սովորում են երկրորդ կամ երրորդ կուրսում,
  1. մասնագիտական մոդուլներից ունեն 80 % գերազանց կամ լավ առաջադիմություն,
  2. ունեն անգլերեն և ռուսերեն լեզուների առնվազն լավ իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. տեղեկանք հաստատության տնօրենի ստորագրությամբ՝ ուսանողի ուսումնառության տարվա և ուսման առաջադիմության վերաբերյալ (տեղեկանքի ձևը կցվում է),
  3. երաշխավորական 3 նամակներ՝ ուսանողի արտադրական ուսուցման վարպետների ինչպես նաև մասնագիտական հանդիսացող առարկաների դասավանողների կողմից,
  4. 2 լուսանկար՝ 3X4 չափի:

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու ուսումնական հաստատության ամփոփված հայտերը պետք է ներկայացնեն տվյալ հաստատության տնօրենները՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն (Երևան, Տիգրան Մեծի 38, հեռ. 57-85-33, 57-84-34), մինչև ս.թ. հոկտեմբերի 18-ը:

Մրցույթի նախնական փուլում, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 22-ին, դիմորդները պետք է հաղթահարեն հետևյալ փուլերը`

  1. Գրավոր մասնագիտական թեսթ,
  2. Գործնական վարժություն, որը կպահանջի կատարել մասնագիտությանն առնչվող որևէ պարզ գործողություն,
  3. Հարցազույց, որի ընթացքում կստուգվի ինչպես դիմորդի հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հմտությունները, իր մասնագիտության հանդեպ վերջինիս ունեցած վերաբերմունքը և մոտիվացիան, այնպես էլ վերջինիս` անգլերեն ու ռուսերեն լեզուների իմացության աստիճանը:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից` մրցույթի նախնական փուլը հաղթահարելու վերաբերյալ երաշխավորություն ստանալու դեպքում ուսանողը կմասնակցի ազգային մրցույթի հիմնական փուլին:

Ազգային մրցույթը կկայանա Երևանում՝ 2013թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակում:

Յուրաքանչյուր մասնագիտության գծով հաղթող կճանաչվի մեկական ուսանող:

Երեք մասնագիտությունների գծով մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները հնարավորություն կստանան մասնակցել 2015թ. Սան Պաուլոյում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» մրցույթին: