Նորություններ

Հայաստանի մասնակիցը «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթի արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը և նրա մենթոր՝ հայտնի խոհարար Արբի Ղարախանին, Հնդկաստանում մասնակցեցին «Երիտասարդ խոհարարների միջազգային  XI օլիմպիադա-2025» մրցույթին:

Հիշեցնենք, որ Արսենը Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի (արտադրական ուսուցման վարպետ՝ Էդիտա Պարսամյան) շրջանավարտ է և 2024թ.-ին հաղթող էր ճանաչվել Հայաստանի երիտասարդ խոհարարներ մրցույթում, որտեղ ժյուրիում ընդգրկված էին միջազգային խոհարարական մրցույթների ներկայացուցիչներ:

Օլիմպիադային մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ, ովքեր ցուցադրել են իրենց հմտություններն ու ստեղծագործական մտահղացումները:

Արսենին հաջողվել է Հնդկաստանում «Երիտասարդ խոհարարների միջազգային  XI օլիմպիադա-2025» -ին պատրաստել իսկապես արտասովոր ուտեստներ և տպավորել պատվավոր ժյուրիի անդամներին` արդյունքում զբաղեցնելով մրցանակային 2-րդ տեղը (արծաթե մեդալ):

Այս մրցանակը մեծ ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ և վկայությունն է Հայաստանի խոհարարների մրցունակ լինելը աշխարհի լավագույնների հետ:

Միջազգային խոշորագույն խոհարարական մրցույթին ընդառաջ Արսեն Արմենակյանի հետ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել է «Հայաստանի խոհարարների ասոցիացիայի» նախագահ,  «Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) թիմի փորձագետ, տիտղոսակիր խոհարար Արբի Ղարախանին՝ իր թիմով (օգնական՝ Գոռ Գաբրիելյան)։

Արսեն Արմենակյանը մտադրվել է առաջիկայում շարունակել իր ուսումը հյուրասիրության սպասարկման ոլորտում՝ խորացնելով գիտելիքները և հմտությունները ոչ միայն խոհարարության, այլև ռեստորանային գործի պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպման և իրականացման շրջանակում: