Նորություններ

«Համաշխարհային հմտություններ» մրցույթը՝ որպես ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի արդյունք

«Համաշխարհային հմտություններ մրցույթը որպես ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի արդյունք» թեմայով հոկտեմբերի 19-ին կայացավ աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Միջոցառման սկզբում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացրին իրենց աշխատանքները  մասնագիտությունների ցուցահանդեսին:

 

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ մասնավոր հատվածից ակնկալիքները զուտ բարեգործական չեն, այլ ներդրումային, այդ թվում՝ ծրագրային տեսքով: «Իրականում կրթության ոլորտը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է: Մասնավոր հատվածի մասնակցությամբ յուրաքանչյուր ծրագիր ամենալավ ներդրումն է մարդկային կապիտալի զարգացման, ավելի լավ տնտեսության և հասարակության հեռանկար ունենալու գործում: Ուստի, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության դաշտը միջազգային կառույցների և մասնավոր հատվածի հետ` ապահովելով ոլորտի եթե ոչ սրընթաց, ապա՝ հետևողական զարգացումը», — նշել է Արմեն Աշոտյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև GIZ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կորնելիա Սկոկովը:

Միջոցառումն անցավ բուռն քննարկումներով և առաջարկություններով: