Նորություններ

ԵՄ-ՀՀ համագործակցության ամփոփումը ՄԿՈՒ ոլորտում

Դեկտեմբերի 16-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ 2007-2015թթ ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԿՈւ ոլորտի բարեփոխումների իրականացման արդյունքների իրազեկումը, որին ներկա էին ոլորտում ընդգրկված շահառուներ, ինչպես նաև բարձրաստիճան բազմաթիվ հյուրեր:

Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, իր խոսքի ընթացքում ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Եվրամիության աջակցությունը չի տուժի Հայաստանի կառավարության քաղաքականության փոփոխության պատճառով, և Եվրամիության կողմից կրթության ոլորտում իրականացվող ներդրումները կշարունակվեն նաև ապագայում:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ով իր ելույթում անդրադարձավ Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին տրվող ԵՄ բյուջետային աջակցության նպատակներին և հետագա պլաններին:

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը հակիրճ ներկայացրեց կենտրոնի դերակատարումը վերջին 6 տարիներին ՄԿՈւ ոլորտում իրականացված բարեփոխումներում, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք իր առջև դրել է կենտրոնը:

Վերջին մի քանի տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը՝ ամփոփ ներկայացնելով քոլեջում իրականացված դրական փոփոխությունները:

Միջոցառման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև «Մասնագիտական կրթություն և ուսուցում» պորտալին (vetarmenia.am): Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը իր ելույթում ներկայացրեց պորտալի ստեղծման և գործարկման աշխատանքները: