Նորություններ

ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիր Նոր փուլ և կայուն տնտեսական զարգացմանն ուղղված գործողություններ

Ս.թ. ապրիլի 26-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ Երկրորդ» սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  ծրագրի նոր փուլի մեկնարկին:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

Ասուլիսի ընթացքում բանախոսները հայտարարեցին ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի նոր, եռամյա փուլի (01/04/2017-31/03/2020) մեկնարկը, ներկայացրին ծրագրի հիմնական նպատակներն ու միջամտության ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը գործընկեր նախարարությունների, մասնավորապես՝ ծրագրի քաղաքական գործընկեր, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

«ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը Հայաստանում աջակցելու է «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն և ճշգրիտ ճարտարագիտություն/ՏՏ: «Մենք  նպատակ ունենք բարելավել մասնագիտական ուսուցումը և ամրապնդել հանրային-մասնավոր հատված համագործակցային մոդելը Հայաստանում: Մեր նշանաբանն է ՝ բիզնեսը հմտությունների համար և հմտություններ՝ բիզնեսի համար. մասնագիտական կրթություն և ուսուցում՝ ի նպաստ տնտեսական զարգացման», ասաց ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն` ողջունելով ներկաներին:

«Ուրախ ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը մեր հայաստանյան և տարածաշրջանային գործընկերների հետ մոտակա երեք տարում: Մեր նպատակն է աջակցել կայուն զարգացման նախապայմանների բարելավմանը ընտրված արժեշղթաներում՝ զբաղվածությունը խթանելու նպատակով», նշեց ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը` ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակներն ու միջամտության ոլորտները Հարավային Կովկասում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը կարևորեց համագործակցությունը ԳՄՀԸ-ի հետ, ավելացնելով. «Ծրագրի հետ համատեղ մենք ցանկանում ենք միջին մասնագիտական կրթության ոլորտում երկակի կրթական համակարգ ստեղծել, որը Հայաստանում դեռևս փորձարկված չէ»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետի տեղակալ Գայանե Գևորգյանը եւս կարեւորել է ԳՄՀԸ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ «ընտրված ոլորտներն ու ուղղությունները թիրախային են նաեւ ՀՀ կառավարության համար»:

Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում