Աշխարհի հմտություններ 2019
Օգոստոսի 22-27-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացավ «Աշխարհի հմտություններ» միջազգային 45-րդ մրցույթը, որին մասնակցեցին 1354 երիտասարդ մասնագետներ 63 երկրներից 56 հմտություններով։
Հայաստանի թիմը մասնակցեց «Ոսկերչություն», «Նորաձևության տեխնոլոգիա», «Խոհարարություն» հմտությունների մրցույթներին։ Բացի հիմնական մրցույթներից մասնակցություն ունեցավ նաև WorldSkills Juniors (14-16 տարեկաններ) մրցույթին՝ «Պոլիմեխանիկա և ավտոմատացում», «Ռոբոտային համակարգերի ինտեգրում» հմտություններով։ Մասնակիցներից Էրիկ Վարդանյանը «Պոլիմեխանիկա և ավտոմատացում» մասնագիտությամբ մրցույթին զբաղեցրեց երրորդ տեղը։ «Ռոբոտային համակարգերի ինտեգրում» մասնագիտությամբ նույն հաջողությունն ունեցան մասնակիցներ Բենիամին և Անդրեյ Ծատուրյանները՝ արժանանալով բրոնզե մեդալի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մրցույթի շրջանակում օգոստոսի 22-24-ին մասնակցեց միջազգային համաժողովին և նախարարական գագաթնաժողովին: Հավաքի նպատակն էր քննարկել կրթական համակարգերի նորարական բարեփոխումները, մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները, կրթական արդյունքների չափման նոր մոտեցումները: Քննարկումների առանցքում միջին մասնագիտական կրթությունն ու դրա զարգացման հեռանկարներն էին: