Այց Մագդեբուրգ՝ GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում հարավային կովկասում» ծրագրի շրջանակում
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը (ԳՄՀԸ) 2014-2017 թթ.-ին իրականացնում է “Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում” ծրագիրը, որի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումը մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով: Ծրագիրն աջակցում է մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների մշակմանը և արդիականացմանը, որոնք ունեն շուկայական ուղղվածություն և պահանջարկված են մասնավոր հատվածի կողմից՝ հզորացնելով մասնավոր ոլորտի ներգրավվածությունը և համագործակցությունը կրթություն մատուցողների հետ:
Ծրագրին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ, ՄԿՈՒԶԱԿ և Վ.Բրյուսովի անվան լեզվագիտահասարակական համալսարանի ներկայացուցիչներ:
Վերը նշված ծրագրի շրջանակներում մշակվեց «Վարպետաց դասընթացներ ՏՄԿՈՒ ոլորտում՝ Հարավկովկասյան երեք երկրների համար» առաջնորդների միջազգային վերապատրաստման 6-ամսյա գործնական դասընթացը, որի նպատակն է բարելավել մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները՝ տեխնիկական մասնագիտական կրթության և վերապատրաստման (ՏՄԿՎ) ոլորտի մասնագետների դասավանդման, կառավարման և վարչարարական հետագա պարտականությունների իրականացման համար:
Հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր մոդուլի համար մասնակիցները ստանում են կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգով սահմանված (ECTS) միավորներ, որոնք դասընթացի ավարտից հետո կարող են ճանաչվել ՏՄԿՎ-ին առնչվող միջազգային մագիստրոսական ծրագրերի կողմից, այդպիսով նպաստելով մասնակիցների կողմից հետագայում մագիստրոսի աստիճանի ձեռքբերմանը՝ համալսարանում ուսման առավել կարճ ժամկետում: Դասընթացն իրականացվում է Գերմանիայի Մագդեբուրգի ԳՄՀԸ միջազգային ակադեմիայի և Օտտո ֆոն Գյուրիկի համալսարանի հետ համատեղ:
Ապահովելով ծրագրի շարունակականությունը և կայունությանը, ս.թ. հուլիսի 6-10-ը Մագդեբուրգում Հարավկովկասյան երեք երկրների ՄԿՈՒ ոլորտի և բուհերի ներկայացուցիչների համար կազմակերպվեց գործնական աշխատաժողով, որի ընթացքում ԳՄՀԸ միջազգային ակադեմիայի և Օտտո ֆոն Գյուրիկի համալսարանի կողմից ներկայացվեցին ՏՄԿՎ ոլորտի մասնագետների պատրաստման համատեղ իրականացվող մագիստրոսական ծրագրերը և միջազգային փորձը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի կողմից՝ ՏՄԿՎ ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման առկա իրավիճակը և տեսլականը:
Այցի ընթացքում մասնակիցները ծոնոթացան նաև Լայպցիգում Արդյունաբերողների պալատի կողմից իրականացվող ՏՄԿՎ ծրագրերին և “Համաշխարհային հմտություններ. Գերմանիա” գերազանցության կենտրոնի աշխատանքներին: Քննարկումների արդյունքում, կատարված առաջարկությունների հիման վրա ԳՄՀԸ-ի կողմից որոշվեց ս.թ. հոկտեմբերին Հարավկովկասյան երեք երկրներում կազմակերպել փաստահավաք առաքելություն, որի ընթացքում կուսումնասիրվեն ՏՄԿՎ ոլորտի մասնագետների պատրաստման մագիստրոսական ծրագրի ներդրման համար անհրաժեշտ ռեսուրսները: