«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամում դեռևս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է վիդեո-կոնֆերանս համակարգ, որն առցանց համագործակցության հնարավորություն է ստեղծում մասնագիտական ոլորտի գործընկերների համար:
Օրերս «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական վիդեո-կոնֆերանսը «Ատամնաբուժությունը դարերի ընթացքում» թեմայով:
Կենտրոնի ուսանողները Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողներին ներկայացրին ատամնաբուժության ծագման պատմությունը: Անդրադարձ կատարվեց ատամնապրոթեզների ստեղծման պատմությանը, ինչպես նաև խոսվեց ժամանակակից ստոմատոլոգիայի ճյուղերի մասին:
Վիդեո-կոնֆերանսից հետո շրջայց կատարվեց ատամնատեխնիկական լաբորատորիայում, որտեղ ուսանողները դասավանդող անձնակազմի հետ միասին ներկաներին ներկայացրին նորագույն սարքավորումներով հագեցած լսարանները և իրենց կատարած աշխատանքների արդյունքները: