Ռիգայի տուրիզմի և գեղարվեստի արդյունաբերության տեխնիկական քոլեջի պատվիրակությունը, տնօրեն տիկին Սիլվա Օզոլինայի գլխավորությամբ ս.թ. ապրիլի 3-ին հյուրընկալվեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում:
Տնօրենի մասնակցությամբ համագործակցության հետագա քայլերը քննարկելուց հետո պատվիրակությունը մասնակցեց հայ-հունական քոլեջի շնորհանդեսին:
Ավանդույթը չխախտելով՝ հայ-հունական քոլեջի ուսանողները լատվիացի հյուրերին հրավիրեցին ուսումնական խոհանոց՝ հայկական ավանդական տոլմայի վարպետաց դասին մասնակցելու, որին հաջորդեց ուսանողների կողմից նախապես պատրաստված զանազան խորտիկների համտեսումը:
Ռիգայի տուրիզմի և գեղարվեստի արդյունաբերության տեխնիկական քոլեջի պատվիրակությունն իր խորին շնորհակալությունը հայտնեց հայ-հունական քոլեջի անձնակազմին և ուսանողությանը ջերմ ընդունելության համար և ի նշան երախտագիտության՝ նրանց հանձնեց հուշանվերներ: