Նորություններ

Ուսուցողական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում կայացավ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի կողմից իրականացվող գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում /ՄԿՈՒ/ — համագործակցություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կազմակերպված երկրորդ ուսուցողական այցը:

Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի հրավերքով ծրագրին մասնակցեցին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանի ղեկավարությամբ:

Կազմակերպված հանդիպումների և տարաբնույթ սեմինարների միջոցով տնօրենները ծանոթացան գերմանական կրթական համակարգում գործող «Աշակերտական/ուսանողական կազմակերպություններ»-ի տարբեր մոդելներին։

«Աշակերտական/ուսանողական կազմակերպություններ»-ը ուսումնական հաստատությունում սովորող տարբեր /տարիքի/ դասարանների  աշակերտներից կազմված  խմբակներ են, որտեղ բոլոր գործողությունները՝  հաշվապահություն, գնումներ, պատրաստում և վաճառք,  կատարում են աշակերտները։ Ֆինանսական ներդրումները նույնպես կազմակերպում են աշակերտները՝ ծնողների օժանդակությամբ կամ տարբեր ներդրողների միջոցներով։ Ստացված փոքր եկամուտներով իրականացնում են սոցիալական և այլ տարաբնույթ միջոցառումներ կամ օգտագործում են իրենց «Բիզնեսի» զարգացման նպատակով: Աշակերտական կազմակերպությունները ստեղծվում են աշակերտների առաջարկած գաղափարների և համատեղ քննարկումների արդյունքում։

Այդ կազմակերպությունների ստեղծման միջոցով աշակերտները դեռևս դպրոցական տարիքից ձեռք են բերում  տարբեր հմտություններ և ձեռնարկատիրական գործունեության կարևոր էլեմենտներ։

Գերմանական փորձի ուսումնասիրումը  հնարավորություն կտա ընտրել լավագույն տարրերը, տեղայնացնել  և այն կիրառել նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում, ինրպես նաև դպրոցներում՝ լուծելով ժամանակի կարևորագույն խնդիրներից մեկը. խրախուսել երիտասարդների շրջանում մասնագիտական կրթությունը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը: