ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում այսօր կազմակերպել էին ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը` նշելով, որ նախարարությունն անում է հնարավորը` վերականգնելու դոնոր կազմակերպությունների հետ պարբերաբար հանդիպումների ավանդույթը:
Հանդիպման նպատակը ՄԿՈՒ ոլորտում գործող բոլոր դոնոր կազմակերպությունների երկխոսության և քննարկման հարթակ ստեղծելն է` միավորելով ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և այն շահագրգիռ կառույցներին, որոնք նպաստում են Հայաստանում ՄԿՈՒ համակարգի զարգացմանը: Հարթակի հիմնական նպատակը կլինի ոլորտում ծրագրերի համակարգումը, փորձի փոխանակումը և ծրագրի արդյունքների տարածումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկաներին է ներկայացրել ՄԿՈՒ 2017-2021թթ. բարեփոխումների ծրագրի հիմնական դրույթները և իրականացվող բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում մի շարք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել զեկույցներով` ներկայացնելով իրենց կազմակերպությւոնների կատարած աշխատանքը:
Մասնավորապես, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլյա Ստակյանը ներկայացրել են վերոնշյալ ծրագրերը, Ավստրիայի զարգացման գործակալության կրտսեր հետազոտող Մերի Մուրադյանը` «Օրգանական գյուղատնտեսության կրթական մոդուլի ինտեգրում ՄԿՈւ ոլորտում» ծրագիրը, Գլոբալ զարգացումներ հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Բեգլարյանը` Գլոբալ զարգացումների հիմնադրամի համագործակցությունը ՄԿՈւ ոլորտի դոնորների հետ, ԿԳՆ ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով աշխատաշուկայի արդյունավետության և ՄԿՈՒ շրջանավարտների զբաղունակության բարձրացմանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) Հայաստանում ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը` «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրարկում» ծրագրի 2-րդ փուլը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ներկայացուցիչ Վահագն Պողոսյանը` կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը, Սեյվ դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակի «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի համակարգող Անահիտ Երնջակյանը` «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը: Զեկույցներին հաջորդել է բուռն քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության հնարավոր եզրերը: