Նորություններ

ՄԿՈՒ ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի «Քաղաքականության ճամբար 2026» (EVBB Policy Camp 2026)

🌐 EVBB Policy Camp 2026
2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացավ ՄԿՈՒ ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի «Քաղաքականության ճամբար 2026» (EVBB Policy Camp 2026) միջոցառումը, որին մասնակցեց Հայաստանի UNESCO-UNEVOC կենտրոնի համակարգող Աստղիկ Կարախանյանը։
📍Հիշեցնենք, որ Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնը 2026 թվականից հանդիսանում է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC) գլոբալ ցանցի անդամ:
Միջոցառումը համախմբել էր մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի տարբեր կազմակերպություններից շուրջ 150 մասնակիցների: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության ՄԿՈՒ կրթական քաղաքականության առաջնահերթությունները, ֆինանսավորման հնարավորությունները և միջազգային համագործակցության նոր ուղղությունները։
🔍 Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան.
• ծանոթանալու Եվրոպական միության Բազմամյա ֆինանսական շրջանակի (Multiannual Financial Framework) շուրջ ընթացող բանակցությունների հիմնական ուղղություններին և դրանց ազդեցությանը ՄԿՈՒ ոլորտի նախագծերի վրա,
• մասնակցելու գործնական աշխատաժողովների, որոնց ընթացքում քննարկվեցին Եվրոպական միության դրամաշնորհային հայտերի կազմման առանձնահատկությունները, նախագծերի պատրաստման գործընթացում արհեստական բանականության կիրառման տարբերակները և հայտերի գնահատման չափանիշները,
• այցելելու Եվրոպական մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման կենտրոն (CEDEFOP), որտեղ ներկայացվեցին եվրոպական ՄԿՈՒ քաղաքականության ձևավորման ընթացքը, ընթացիկ հետազոտական առաջնահերթությունները և ոլորտի զարգացման միտումները,
• մասնակցելու Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)-ի կողմից կազմակերպված քննարկմանը՝ նվիրված նոր Ռազմավարական գործընկերության համաձայնագրին և միջազգային համագործակցության, այդ թվում՝ Գերազանցության կենտրոններ (CoVE) նախաձեռնության շրջանակներում բացվող հնարավորություններին,
• այցելելու Սալոնիկի պետական և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատություններ, ծանոթանալու Հունաստանի ՄԿՈՒ համակարգի կազմակերպմանը և փորձի փոխանակում իրականացնելու տեղական կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։
🤝 Միջոցառման կարևոր բաղադրիչներից էին նաև ոլորտային կառուցվածքային ցանցային հանդիպումները, որոնք հնարավորություն տվեցին տարբեր երկրների ներկայացուցիչներին հաստատել նոր մասնագիտական կապեր, քննարկել համատեղ ծրագրերի գաղափարներ և նախանշել ապագա համագործակցության հնարավորություններ։
🌐 EVBB Policy Camp 2026-ին մասնակցությունը կարևոր հնարավորություն էր ՄԿՈՒԶԱԿ-ի՝ որպես Հայաստանի UNESCO-UNEVOC կենտրոնի, համար ընդլայնելու միջազգային համագործակցության շրջանակը, ծանոթանալու եվրոպական կրթական քաղաքականության նոր զարգացումներին և ձևավորելու գործընկերային կապեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ ապագա համատեղ նախաձեռնությունների և միջազգային նախագծերի իրականացման համար