Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Ոչ պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
Արհեստագործական կրթության համակարգում սահմանվում է արհեստագործական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` արհեստագործական ուսումնարան:
Միջին մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` քոլեջ:
Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիազորված պետական մարմիններին որոշում է կառավարությունը:
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են`

  • ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.
  • արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.
  • ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
  • բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
  • սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.
  • ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը: