Նորություններ

Մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի զարգացման կարևոր նախապայման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին:

Նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարելավումը կարևոր է աշխատաշուկայի զարգացման և պահանջարկի բավարարման տեսակետից: «Վերջին տարիներին մեծանում է հետաքրքրությունը  միջին մասնագիտական կրթության նկատմամբ: Մենք աշխատանքներ ենք տանում, որ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ նաև բարելավվի կրթության որակը»,- նշել է Ա.Հարությունյանը` հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ՄԿՈՒ ոլորտի կրթության որակի բարելավման  նպատակով համագործակցում է Եվրոպական միության և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հետ:

Նախարարի խոսքով` կառավարության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կատարվում են  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ: Նա նաև նշել է, որ ոլորտի զարգացման  կարևոր նախադրյալներից մեկն աշխատաշուկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունն է. «Մենք պետք է ունենանք կանխատեսումներ, թե միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ինչպիսի տեսք է ունենալու աշխատաշուկան, որպեսզի իներցիայով չթողարկենք այնպիսի մասնագետներ, որոնք 4 տարի անց, ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, աշխատաշուկայում պահանջարկ չեն ունենալու»,- նշել է Ա.Հարությունյանը: Տնտեսվարողների հետ համագործակցությունը, նախարարի ընդգծմամբ, այս գործում հաջողության հասնելու հիմնական ճանապարհն է, և նախարարությունը  արդյունավետ է համարում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի տեղեկացմամբ գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել: «Համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ` Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի  աջակցությամբ վերանայվել են «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը, մշակվել են 2 մասնագիտությունների ուսումնական  ձեռնարկներ, կատարվել է դասախոսների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների վերապատրաստում, հիմնվել է կաթի վերամշակման 2 լաբորատորիա»,-տեղեկացրել է նա: