Նորություններ

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՊԱՏՎՈԳՐՈՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ

Դեկտեմբերի 1-ը շատ նշանավոր օր էր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի համար։ ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական/և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Ս. Համբարձումյանն անձամբ Կրթության և գիտության նախարարության նախարար Ա.Աշոտյանի անունից պարգևատրեց հայ-հունական քոլեջի տնօրեն Ա.Վարդանյանին իր երկարամյա մանկավարժական փորձի, գիտության և կրթության ոլորտում բազմաթիվ ներդրումների, ինչպես նաև որպես տնօրեն սեփական պարտականությունները մշտապես նվիրվածությամբ և պարտաճանաչությամբ կատարելու կապակցությամբ:

Ա.Վարդանյանը, սկսելով իր բուռն աշխատանքային գործունեությունը որպես դասախոս, շատ հաջողություններ է գրանցել և բարձրացել կարիերայի սանդուղքով, ինչի շնորհիվ արդեն տաս տարի է, ինչ ղեկավարում է հայ-հունական քոլեջը:

Վարելով նաև արտաքին քաղաքականություն՝ շատ հաջողություններ է գրանցել և նվաճումներ ունեցել նաև եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ասպարեզում, որի արդյունքում արդեն շատ վաղուց հայ-հունական քոլեջը համագործակցում է մոտ 20 արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ (ԲՈՒՀ-եր և քոլեջներ)՝ իր ուսանողներին տալով արտասահմանում մասնագիտական պրակտիկա անցկացնելու ,այդ թվում նաև կրթությունը շարունակելու լայն հնարավորություններ:

Հայ-հունական քոլեջի տնօրենը, իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական/և միջին մասնագիտական կրթության վարչությանը և Նախարար Ա.Աշոտյանին, ավելացնելով, որ այդ պատվոգիրը շատ պարտավորեցնող է իր համար և որ նա շարունակելու է ջանք ու եռանդ չխնայել հայ-հունական քոլեջի զարգացման և կրթության բարելավման համար: