Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի սաներն իրենց դասախոսի ուղեկցությամբ ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը մասնակցեցին «Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2017» ամենամյա երիտասարդական-մշակութային ծրագրին, որն այս տարի կայացավ Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքում:
Ծրագրի նախաձեռնողն ու կազմակերպիչն է AEHT (Assocciation of European Hotel and Tourism Schools) ասոցացիան, որին Հայ-հունական քոլեջն անդամակցում է արդեն 10 տարի:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն ներկայացրեց սեփական ազգային սուրբծննդյան ավանդույթները, իսկ «եվրոպական բուֆետ» օրը՝ նաև ազգային խոհանոցը:
Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը ներկայացրեց հայկական մշակույթը բոլոր կողմերից. ուսանողները հանդես եկան երգով, պարով, հյուրերին հյուրասիրեցին հայկական անուշահամ սուջուխ, չրեր, գաթա և այլ անուշեղեն:
Ֆաթիմա այցի ընթացքում պատվիրակությունները ծանոթացան նաև տեղի պատմամշակութային վայրերին, մասնակցեցին սուրբծննդյան շքերթին, որտեղ ծածանվեց նաև հայկական դրոշը: