Հայաստանում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջի միջև:
«Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ ունենալու առաջին նախապայմանը կրթական հաստատություններում այս ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է։ Ոլորտի միջազգային ընկերությունների հետ համագործակցության միջոցով մենք կկարողանանք միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ կրթական միջավայր ստեղծել մեր ուսանողների համար», — ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ առցանց դասընթացները վաղուց իրականություն են և ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից. «Պարզապես դրանք հիմնականում անգլալեզու են, վերջին շրջանում նաև ռուսալեզու ռեսուրսներ են: Կարծում եմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը և համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլ կտա ունենալ հայալեզու օնլայն դասընթացներ»:
Աբրահամյանի խոսքով՝ այդ դասընթացներից կարող են օգտվել ոչ միայն քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները:
«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանն էլ վստահություն հայտնեց, որ համատեղ կրթական ծրագրերը հիմք կնախապատրաստեն ոլորտի կրթական զարգացման և ավելի ծավալուն ծրագրերի իրականացման համար: