WorldSkills, Նորություններ

Հայաստանը նվաճեց իր առաջին մեդալը «WorldSkills Shanghai 2026» 48-րդ միջազգային մրցույթում Չինաստանի Շանհայ քաղաքում

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվեց «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) 48-րդ միջազգային մրցույթը, որին Հայաստանը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճելով իր առաջին «Գերազանցության մեդալը» (Medal for Excellence):
Հայաստանի ազգային թիմը մրցույթին ներկայացել էր 3 ուղղություններով՝ «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում» և «Նորաձևության տեխնոլոգիա»:
Պատմական հաջողություն խոհարարական արվեստում
Հայաստանի թիմի համար բեկումնային եղավ «Խոհարարություն» հմտությունը. մասնակից Արսեն Արմենակյանը և փորձագետ-մարզիչ Արբի Ղարախանին արժանացան երկար սպասված «Գերազանցության մեդալին»: Սա WorldSkills-ին Հայաստանի մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին մեդալային նվաճումն է:
Արսեն Արմենակյանը արժանացել է «Ազգային թիմի լավագույն մասնակից» (Best of Nation) անվանակարգին:
Բարձր արդյունքներ գրանցեցին նաև թիմի մյուս մասնակիցները.
• Արամայիս Հայրապետյան («Բջջային հավելվածների պատրաստում») — «Գերազանցության մեդալին» հասնելու համար պակասեց ընդամենը 14 միավոր:
• Լուիզա Զաքարյան («Նորաձևության տեխնոլոգիա») — «Գերազանցության մեդալի» շեմից ետ մնաց ընդամենը 37 միավորով:
Հայաստանի դիրքը միջազգային աղյուսակում
WorldSkills Shanghai 2026 մրցույթին մասնակցում էին 65 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ:
• Ըստ հավաքած միջին միավորների՝ 3 մասնակից ունեցող Հայաստանի ազգային հավաքականը 36-րդ տեղում է (686.00 միավոր): Առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանը՝ 64 մասնակցով և 749.86 միջին միավորով:
• Ըստ մեդալների ընդհանուր միավորների (0.33)՝ Հայաստանը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը:
Այս ցուցանիշները վկայում են մեր մասնակիցների և փորձագետների բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության ու նվիրվածության մասին:
Տեղեկանք․ Հայաստանի մասնակցության պատմությունը
1950 թվականին ձևավորված «WorldSkills International» կառույցին Հայաստանն անդամակցում է 2012 թվականից: Շանհայի մրցույթն ազգային թիմի համար 6-րդն էր:
Տարիների ընթացքում Հայաստանը ներկայացվել է հետևյալ ուղղություններով.
1. «Ոսկերչություն» — 4 անգամ
2. «Նորաձևության տեխնոլոգիա» — 5 անգամ
3. «Խոհարարություն» — 5 անգամ
4. «Մեխատրոնիկա» — 2 անգամ
5. «Վեբ տեխնոլոգիաներ» — 2 անգամ
6. «Բջջային հավելվածների պատրաստում» — 2 անգամ
7. «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում» — 1 անգամ:
WorldSkills  Shanghai 2026 ազգային թիմի մասնակցության լուսանկարները՝  պատկերադարան բաժնում: