Նորություններ

Հագուստի ցուցադրություն Ֆրանսիայում

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի պատվիրակությունը վերջերս մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Լիոնի քաղաքապետարանում կայացած հագուստի ցուցադրությանը, որը կազմակերպվել էր ուսումնական կենտրոնի հիմնադիր «Ռոն-Հայաստան վերապատրաստում փոխանակումներ» ասոցիացիայի 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ցուցադրությունը կազմակերպվել էր կենտրոնի ֆրանսիացի գործընկեր Ռոնի մասնագիտական ուսուցման կենտրոնի հետ համատեղ: Ֆրանսիական կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին վերոնշյալ ուսումնական հաստատության ուսանողներն իրենց «Սև զգեստ» հավաքածուով: Հայաստանյան պատվիրակության կազմում դեֆիլեի մասնակիցները «Զարդակիրառական արվեստ» և «Վարսավիրական գործ և զարդային դիմահարդարում» բաժնի ուսանողներն էին:

Ուսումնական կենտրոնի ուսանողները քաղաքապետարանի դահլիճում ներկայացրեցին հագուստի չորս հավաքածու:

Հավաքածուներում ընդգրկված էին հայկական զարդանախշերով զգեստներ, նկարիչներ և քանդակագործներ Երվանդ Քոչարի ու Ֆերնան Լեժեի ստեղծագործություններից ոգեշնչված զգեստներ, ամենօրյա հագուստներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զգեստներ: