Լույս է տեսել «Մասնագիտական կրթություն և ուսուցում» հանդեսի հերթական համարը, որտեղ այս անգամ տեղ են գտել հարցազրույցներ. ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը խոսել է ՄԿՈՒ ոլորտի առաջիկա ծրագրերի վերաբերյալ, իսկ ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:
Մեծ կարևորություն է տրվել 2013 թվականին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթի նախնական փուլին` «Հայաստանի հմտություններ» մրցույթի շրջանակներում իրականացված միջոցառումներին:
«Միջազգային համագործակցություն» խորագրի հյուրն այս անգամ գերմանական GIZ կազմակերպությունն է. ներկայացված է հարցազրույց հայաստանյան գրասենյակի ղեկավար Իրինա Քաուշի հետ:
«Միջազգային փորձ» խորագրիրն ամփոփում է Կանադայի և Շվեդիայի կրթական համակարգերը, «Սոցիալական գործընկերություն» բաժնում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և ՄԿՈՒԶԱԿ-ի համագործակցության մասին է:
«Մարզային խճանկարն» ընդգրկել է Կոտայքի մարզը, իսկ «Մասնագիտական կողմնորոշում» խորագրում խոսվում է ռադիոէլեկտրոնիկա և հրուշակագործ մասնագիտությունների մասին:
«Մեր շրջանավարտներ» և «Վարպետաց անկյունը» բաժիններում նույպես կարելի է գտնել հետաքրքրական նյութեր, իսկ հանդեսի վերջում ՄԿՈՒ ոլորտին վերաբերող ձեռնարկներն են, որոնք հրատարակվել են 2013թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում:
Երեք հարյուր օրինակով հրատարակված ամսագիրն անվճար բաշխվում է ՄԿՈՒ հաստատություններին, սոցիալական և միջազգային գործընկերներին: