Նորություններ

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 13 ուսանողներ ստացան CISCO վկայագրեր

2016թ. ապրիլի 15-ին Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  “CCNA Discovery 1: Networking for Home and Small Business” դասընթացի փակման հանդիսավոր արարողությունը: 

Դասընթացին մասնակցել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի երրորդ և չորրորդ կուրսերի 13 սովորողներ: Հաջողությամբ հաղթահարելով  վերը նշված դասընթացը՝ բոլոր սովորողները CISCO ակադեմիայի կողմից ստացան միջազգային վկայագրեր և շնորհակալագրեր:

Դասընթացի տևողությունը երեք ամիս էր, որն անցկացվեց համալսարանում գործող համակարգչային ցանցերի “CISCO” լաբորատորիայում:

Դասընթացի հանդիսավոր փակման արարողությանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Ա.Իվանովը, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռ.Աբրահամյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան և քոլեջի այլ աշխատակիցներ:

Նրանք շնորհավորեցին ուսանողներին` դասընթացը բարեհաջող ավարտելու կապակցությամբ, և իրենց շնորհակալական խոսքերն ուղղեցին դասընթացի կազմակերպիչներին` Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Վարդանյանին և նույն համալսարանի դասախոս` Գ.Գագյանին: