Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում թումանյանական տրամադրություն էր թևածում: Ավանդույթ է դարձել ամեն տարի գիրք նվիրելու տոնը նշել Թումանյանի ծննդյան օրը:
Ցերեկույթը կազմակերպվել էր քոլեջի գրադարանում: Հայեցի շունչը, գեղագիտական ճաշակը և նուրբ տրամադրությունը գրադարանի ամեն անկյունում էր:
Թումանյանի կենսագրական տվյալներին հաջորդեցին խոհափիլիսոփայական քառյակները, պոեմներից հատվածները և հայրենասիրական բոցաշունչ բանաստեղծությունները՝ ուսանողների կատարմամբ:
Միջոցառման վերջում իր ուրույն խոսքն ուղղեց քոլեջի տնօրենի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը. «Շնորհակալ եմ մեր քոլեջի ուսանողներին, ովքեր եկել են այստեղ ոչ միայն որակյալ կրթություն ստանալու, լավ մասնագետ դառնալու, այլև հասարակության համար պիտանի քաղաքացի կայանալու համար»:
Ցերեկույթի ավարտին տնօրեն Շողիկ Ալեքսանյանը մասնակից բոլոր ուսանողներին նվիրեց գրքեր: Ուսանողները փոխադարձաբար իրենց երախտիքը արտահայտեցին տնօրենին՝ Թումանյանի հեղինակած գիրքը նվիրելով: