Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Բիզնես և կրթություն գործընկերությունը» և «Միասին» հիմնադրամները, ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան և «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ները Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում համատեղ կազմակերպեցին Ամառային դպրոց՝ նախնական և միջին մասնագիտական ուսուցում իրականացնող հաստատություններում գործող «Ուսանողական ընկերությունների» ուսանողների, աշկերտների և «Ընտանիք» կենտրոնի սաների համար։
Ամառային դպրոցը նպատակ ուներ
- ներկայացնել Աշկերտություն և «Աշակերտական/ուսանողական ընկերություն» ծրագրերը
- համախմբել «Աշակերտական/ուսանողական ընկերություններում» ընդգրկված ուսանողներին, ինչպես նաև աշկերտներին և ԱՀՈՒ մեջ ներգրավված երիտասարդներին, աջակցել համագործակցային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը, փորձի փոխանակմանը
- խթանել «Աշակերտական/ուսանողական ընկերություն» մոդելի ստեղծմանը, ուսումնական հաստատություններում ներդրմանը և հանրայնացմանը
- աջակցել դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ու աշխատաշուկա ուղղորդմանը
- ստեղծել համապետական և տարածաշրջանային համագործակցություն ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների, գործատուների, աշխատանքի տեղավորման գործակալությունների և այլ գործընկերների միջև ստեղծել երկխոսություն, ամրապնդել գիտելիքներն ու կարողությունները գործարար ոլորտում, ձևավորել պատասխանատու վարքագիծ գործընկերոջ և թիմի անդամների նկատմամբ
- նպաստել նոր գիտելիքների և կարողությունների ձեռքբերմանը՝ ձեռներեցության, բիզնես պլան, դրամաշնորհային ծրագրեր կազմելու, հաղորդակցվելու, թիմում աշխատելու վերաբերյալ սեմինարների, վարպետաց դասերի և միջոցառումների միջոցով
- նպաստել «Դպրոց Տնտեսություն» (Բիզնես-կրթական հաստատություն) կապի ստեղծմանն ու զարգացմանը
- խթանել համագործակցությունը կրթական հաստատությունների միջև
- ուսուցանել առողջ ապրելակերպ սպորտի՝ մասնավորապես լողի պարապմունքների միջոցով
- խթանել աշկերտության զարգացումը և հանրայնացումը:
Ամառային դպրոցին մասնակցում էին Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի, Վայոց Ձորի տարածաշրջանային, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական, Լոռու տարածաշրջանային, Բերդի պետական բազմագործառութային, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջների, Շիրակի մարզի Սարատակի միջնակարգ, Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական, Սպիտակի Ան.Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցների «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» 41 ուսանողներ ու աշակերտներ, «Ընտանիք» կենտրոնի 80 սաներ, ինչպես նաև Միասին հիմնադրամի «Մրցունակ աշկերտ, հասանելի աշխատանք» ծրագրի մասնակից 15 ուսումնական հաստատություններից 17 ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր մարզերից։
Ամառային դպրոցում երիտասարդները հանդիպում ունեցան «Ֆերտի ԲԿ» ՀԿ նախագահ Խաչիկ Սահակյանի հետ: Պարոն Սահակյանը վարեց Արևային էներգիայի՝ որպես այլընտրանքային աղբյուր, օգտագործման հնարավորությունների, դրա արդյունավետության և նպատակահարմարության մասին սեմինար։ Արևային մարտկոցների տեղակայմամբ զբաղվող Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանողական ընկերությունների անդամները գործարարից ստացան իրենց մասնագիտական, կազմակերպչական, ձեռնարկատիրական և այլ հուզող հարցերի պատասխանները։ Նա ներկայացրեց «Խելացի տուն» մոդելը, որի օրինակով ուսանողները քննարկեցին նաև նմանատիպ նախագծերի իրականացման և շուկա ներկայացման հնարավորությունները։ Սեմինարը հետաքրքրություն առաջացրեց մասնակից ուսումնական հաստատությունների ուսանողների ու աշակերտների մոտ, ովքեր ցանկություն հայտնեցին հնարավորության դեպքում ունենալ այս ոլորտում ծառայություն մատուցող ուսանողական ընկերություններ իրենց ՄԿՈւ հաստատություններում։
Երիտասարդները ունեցան դաս-հանդիպում «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ, գործատու Մարինե Ժամկոչյանի հետ, ով խոսեց ռեստորանային բիզնեսի առանձնահատկությունների, բիզնեսի հաջողությունների ու ձախողումների, ձեռներեցի կարևոր հատկանիշների մասին։ «Ռեստորատորի մասնագիտության» վերաբերյալ խոհարարության ոլորտում «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ուսանողների ու աշակերտների հետ իր փորձն ու գիտելիքները կիսեց «Բլիզարդ» ընկերության հիմնադիր Արմենուհի Խաչատրյանը։
«ԼևՌիմ»ՍՊԸ գործարար Անուշ Ռեստակյանը կիսվեց հրուշակագործության և հացարտադրման գաղտնիքների մասին։ «Ուսանողական ընկերությունների» և մյուս ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն ու աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու տիկին Ռեստակյանի կողմից կազմակերպված վարպետաց դասին՝ «Գաթա պատրաստելու գաղտնիքներ հրուշակագործից» թեմայով։ Նրանք գործնականում կիրառեցին իրենց տեսական գիտելիքները՝ ձեռք բերեցին մասնագիտական նոր հմտություններ ավանդական գաթա պատրաստելու ընթացքում։ Վարպետաց դասը ուներ նաև մասնագիտական կողմնորոշման նպատակաուղղվածություն։
Ամառային դպրոցի մասնակիցների համար հետաքրքիր դասընթաց կազմակերպվեց «Աշակերտական/ուսանողական ընկերություն» մոդելի վերաբերյալ։ «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց գերմանական մոդելը և նրա իրականացումը Հայաստանում, որը հնարավորություններ է ստեղծում գերմանական «ՄԿՈւ-համագործակցություն» ծրագրի շրջանակում մի շարք դպրոցներում և ՄԿՈւ հաստատություններում՝ սննդի սպասարկման, արևային էներգիայի կայանների տեղակայման, վարսահարդարման, էկո տոպրակների, հուշանվերների արտադրության, թեյերի հավաքման և փաթեթավորման, տպագրության, կավագործության և այլ ոլորտներում, ստեղծված «Աշակերտական/ուսանողական ընկերությունների աշակերտների և ուսանողների ձեռնարկատիրական կարողությունների ու ձեռներեց մտածելակերպի ձևավորմանն ու զարգացմանը: «Ուսանողական ընկերությունների» ստեղծման և ձևավորման, գործունեության իրականացման ու կառավարման վերաբերյալ ներկայացրեց Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի փոխտնօրեն, «Ուսանողական ընկերությունների» ղեկավար-ուսուցիչ Անուշ Մկրտչյանը։ «Առողջ սերունդ» և «Արևոտ Շիրակ» ուսանողական ընկերությունների ուսանողներ Զոհրաբ Գրիգորյանն ու Արթուր Զուռնաչյանը մասնակիցներին ներկայացրեցին իրենց ընկերությունների գործունեությունը, փաստաթղթավարությունից մինչև վաճառքի իրականացումն, արևային կայանների տեղադրումն ու սպասարկումը, որպես իրական ընկերություններ։
Հետաքրքիր էր «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Տոնոյանի դասընթացը զբոսաշրջային փաթեթի մշակման վերաբերյալ։ Երիտասարդները մշակեցին իրենց տարածաշրջաններ այցելող զբոսաշրջիկներին առաջարկվող հարմարավետ զբոսաշրջային փաթեթներ։ Դասընթացը հնարավորություն տվեց ուսանողներին ու աշակերտներին մտածել զբոսաշրջության ոլորտում ծառայություններ առաջարկող «Աշակերտական/ուսանողական ընկերություններ» ստեղծելու մասին, ինչպես նաև ունենալու մասնագիտական կողմնորոշում իրենց հետագա մասնագիտական ուղղությունը ընտրելու զբոսաշրջության ոլորտում։
«Ստուդիո-36» գեղեցկության սրահների ցանցի հիմնադիր, գործատու Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց գեղեցկության սրահի կառավարման և բիզնեսի կազմակերպման վերաբերյալ դասընթաց, որի ընթացքում նա համապարփակ գիտելիքներ փոխանցեց ուսանողներին, թե ինչպես կազմակերպել իրենց ընկերությունների կողմից իրականացվող բիզնեսը և կարողանալ ճիշտ կառավարել ընկերությունը։
Վարսահարդարման և դիմահարդարման վարպետաց դասընթացներ կազմակերպվեց ոլորտով հետաքրքրված աշակերտների և ուսանողների համար։ «Ստուդիո-36» գեղեցկության սրահների ցանցի փորձառու վարսահարդար և դիմահարդար Նարեկ Ղազարյանը մասնակիցներից ընտրված մոդելի հետ աշխատանքում մանրամասն ցուցադրեց մասնագիտական գործնական գիտելիքներ, ծանոթացրեց վարսահարդարման տարբեր գործիքներին ու կիրառվող արդի նյութերին՝ գործնականորեն ուսուցանելով տեխնիկայի կիրառումը աշխատանքի ընթացքում։
«Կարեն և Կառա» ընկերության հիմնադիր Կարինե Ղուկասյանը ամառային ճամբարի մասնակիցներին ներկայացրեց կաթնամթերքի՝ պանրի և բիո յոգուրտների արտադրությամբ զբաղվող ընկերության գործունեության անհրաժեշտության, շուկայում մրցակցային պայմանների ու բիզնես հաջողությունների վերաբերյալ։
«Պաստառ» տպագրատան գործատու Սուրեն Մանուսաջյանը տպագրության ոլորտում ծառայություն իրականացնող «Ուսանողական ընկերությունների» ուսանողներին և աշակերտներին ներկայացրեց տպագրական բիզնեսի ասպարեզում իր հաջողված փորձը, ոլորտում իրականացվող աշխատանքային գործընթացները, գործատու-աշխատող, հարաբերությունների նրբություններն ու հաճախորդների հետ հաղորդակցման, փոխադարձ հարգանքի կարևորությունը։
Երիտաարդներին գրավեց ՏՏ ոլորտի մասնագետ Արտաշես Գրիգորյանի դասը. բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների մասին՝ ՏՏ օգտագործում շուկայի հետազոտման, գովազդի իրականացման, էլեկտրոնային վաճառք կազմակերպելու նպատակներով։
Կարևորվեցին նաև աշխատանքային իրավունքի, առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակների, տարհանման վերաբերյալ դասերը։ Մասնագետներ Վարդուհի Մովսիսյանը և Արթուր Վարդանյանը օրինակներով բացատրեցին մարդու հիմնարար իրավունքների՝ կյանքի, անվտանգության, աշխատանքի, պաշտպանության կարևորությունը և՛ անձնական, և՛ հանրային առումներով։
«Ընտանիք» կենտրոնի սաները իրենց ստեղծագործ խմբային աշխատանքների և նպատակային դասընթացներին զուգահեռ ըստ նախասիրությունների մասնակցեցին նաև վերոնշյալ մասնագիտական կողմնորոշման սեմինարներին:
Ամառային դպրոցի բազմաբնույթ և բովանդակալից հանդիպումների շարքը եզրափակեց Գուրմե Դուրմե շոկոլադի արտադրության սեփականատեր լիբանանահայ Տիրան Բաղդադյանը, ով շեշտը դրեց առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդների ոգևորվածության վրա, որպես աշխատանքի առաջընթացի ապահովման կարևոր գրավական։ Բացօթյա թոկ շուի ընթացքում, որը վարում էր հանրային կապերի մասնագետ Արթուր Բաղդասարյանը խոսվեց նաև գործատու – ծնող – ուսանող – քոլեջ կապի ամրապնդման և շարունակական քննարկումների անհրաժեշտության մասին։
Կազմակերպված բոլոր դասերն անցան ջերմ, համագործակցային և բուռն քննարկումների մթնոլորտում։
Ամառային դպրոցի մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ, փորձառու գործարարների խորհուրդներ, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություններ, մասնագիտական կողմնորոշում, ինչպես նաև ընկերներ տարբեր մարզերի ուսումնական հաստատություններում։