Երեկ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում կայացավ 2013թ. հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում կայանալիք <Աշխարհի հմտություններ> մրցույթի մասնակիցների ընտրության ազգային մրցույթի առաջին փուլը:
<Աշխարհի հմտություններ>-Լայպցիգ 2013-ին Հայաստանը կմրցի 3 մասնագիտությունների գծով` խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիա,ոսկերչություն:
Հայաստանի բոլոր միջին և նախնական մասնագիտական կրթական հաստատություններին հնարավորություն էր տրվել ներակայացնել իրենց լավագույն ուսանողների տվյալները `մրցույթին մասնակցելու համար: <Խոհարարություն> մասնագիտության գծով մրցույթին հայտ ներկայացրած 22 դիմումատուներից առաջին փուլը հաղթահարեց 5 մասնակից, դիմող 10 ոսկերիչներից ընտրվեց 4-ը, նորաձևության տեխնոլոգիայի 18 ուսանողներից փորձագետների հավանությանն արժանացավ 4 մասնակից:
Հոկտեմբերի 24,25,26-ին կկայանա ազգային մրցույթի հիմնական փուլը: Յուրաքանչյուր մասնագիտության գծով հաղթող կճանաչվի մեկական ուսանող, որոնք էլ 2013թ. հուլիսին կմեկնեն Լայպցիգ:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ` <Հայաստանի հմտություններ> նախագծի շրջանակներում: