ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNESCO-UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ
08
Ապր
Մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) դարձել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային կենտրոնi (UNESCO-UNEVOC) միջազգային գլոբալ ցանցի անդամ (https://unevoc.unesco.org/home/New+UNEVOC+Centres+March+2026):
Հայաստանից ավելի վաղ ցանցի անդամ է դարձել Գլոբալ զարգացման հիմնադրամը: Այս կազմակերպությանն այժմ արդեն անդամակցում են 253 UNEVOC կենտրոններ 152 երկրներից (https://unevoc.unesco.org/home/Explore+the+UNEVOC+Network):
UNEVOC ցանցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ ցանցն է, որը միավորում է տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման (TVET) ոլորտում մասնագիտացած հաստատությունները։ Այն ապահովում է իր անդամների՝ UNEVOC կենտրոնների միջև փորձի փոխանակման, համագործակցության և փոխօգնության միջավայր։ UNEVOC կենտրոնները լինում են չորս տեսակի՝ նախարարություններ, ազգային մարմիններ, ուսուցման կազմակերպություններ և հետազոտական հաստատություններ։
Միջազգային համագործակցության և գործընկերային ուսուցման միջոցով UNEVOC կենտրոնները շարունակում են բարձրացնել TVET կրթության և ուսուցման որակը՝ իրենց երկրներում առաջարկվող կրթական հնարավորությունները բարելավելով։
Հուսով ենք, որ ՄԿՈՒԶԱԿ-ի անդամակցությունը այս ցանցին կլինի արդյունավետ և կստեղծի նոր հնարավորություններ՝ ՄԿՈՒ ոլորտում միջազգային համագործակցության համար: